060 272222
Օգոստոս 07, 2020

Telcell-ի տնօրեն. Ավելի հեշտ է դառնալ լիդեր, քան պահել առաջատարությունը

 

PanARMENIAN.Net ը զրուցել է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանի հետ՝ բացահայտելու ընկերության հաջողության գրավականը, առաջատար մնալու դժվարությունները և իմանալու ընկերության հետագա պլանները:

 

2007 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 13:11-ին, VivaCell բջջային կապի օպերատորի Alo քարտի բաժանորդն իրականացրեց Telcell տերմինալով աշխատանքային առաջին գործարքը:

 

Իսկ ահա «ՎՏԲ Հայաստանը» առաջին բանկն էր, որ հնարավորություն տվեց իր հաճախորդներին Telcell-ի տերմինալների միջոցով ինքնուրույն կատարել տարբեր գործարքներ: Այժմ Telcell համակարգը վճարումներ ու փոխանցումներ է ընդունում ՀՀ 14 բանկից:

 

Թվային կազմակերպություն լինելու մասին

 

«Աճելու և ընդլայնվելու համար անում ենք մեր աշխատանքը, որը շատ ենք սիրում, իրագործում ենք բազմաթիվ նոր նախագծեր: Այս պահին շեշտը դրել ենք ավելի շատ ոչ թե տերմինալների զարգացման վրա, այլ փոխել ենք մեր ռազմավարական զարգացման ուղին ու այժմ մեզ համարում ենք ավելի «թվային» կազմակերպություն», - նշում է Ազատյանը:

 

Նրա խոսքով՝ այժմ շեշտը դրված է Telcell Wallet բջջային հավելվածի վրա. դա էլեկտրոնային դրամապանակ է, որի օգտատերերը կարող են օրվա ցանկացած ժամի առանց տնից դուրս գալու՝ իրենց սմարթֆոնից վճարել ավելի քան 400 ծառայության դիմաց: Բացի այդ, ընկերությունը զարգացնում է 2019-ին գործարկված անկանխիկ և անհպում վճարման Scan and Pay ծառայությունը, որը հնարավորություն է տալիս խանութներում և հյուրանոցառեստորանային հատվածում QR կոդի սքանավորմամբ ակնթարթորեն վճարել հենց սմարթֆոնից՝ Telcell Wallet-ի միջոցով։

 

«Telcell Wallet-ով հնարավոր է նաև առցանց գումար փոխանցել հավելվածի այլ օգտատերերի, ստանալ դրամական փոխանցումներ, քարտից քարտ և բանկային ցանկացած հաշվեհամարի փոխանցումներ կատարել, վարկեր ստանալ անմիջապես դրամապանակում: Մի խոսքով՝ այն հոգում է ֆիզիկական անձի գրեթե բոլոր ֆինանսական կարիքները: Իսկ Scan and Pay տեխնոլոգիան արդեն գործում է մոտ 400 խանութում ու հյուրանոցառեստորանային հատվածում, և այդ թիվն օրեցօր աճում է, աշխատում ենք թե՛ մեծ ցանցերի հետ, թե՛ փոքր տնտեսավարողների», - նշում է կազմակերպության գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ օգտատերերը կարող են իրենց Telcell Wallet-ին կցել կուտակային քարտեր ու հետևել կուտակվող միավորներին:

 

Telcell Wallet-ը գործարկվել է 2017-ին և այժմ ունի 150,000-ից ավելի օգտատեր:

 

Telcell-ը՝ կորոնավիրուսի ժամանակ

 

«Լոքդաունի ժամանակ նախ հասկացանք, որ գրասենյակ պետք չէ, շատ ծախսեր կարելի է չանել», - կատակում է Ազատյանը:

 

Ասում է՝ կարելի է պրոդուկտիվ աշխատել նաև հեռավար պայմաններում: Այժմ ընկերության աշխատակիցների մեծ մասը տնից է աշխատում:

 

«Մեզ մոտ գրասենյակի փոփոխություն էր նախատեսված: Եվ կարանտինի հենց առաջին օրից հին գրասենյակը հանձնեցինք, իսկ քանի որ նորը դեռ պատրաստ չէր, բոլոր աշխատակիցներն անցան հեռավար պայմաններում աշխատանքի: Այժմ ժամանակակից նոր գրասենյակ ենք պատրաստում: Ինքներս կգնահատենք վարակի ռիսկերն ու կհասկանանք՝ երբ վերադառնալ: Որոշ ստորաբաժանումներ այժմ էլ են գրասենյակից աշխատում, 250 աշխատակցից մոտ 100-ը», - պատմում է նա:

 

2016-ին գործարկվեց դրամական արագ փոխանցումների Telcell Transfer համակարգը, որի միջոցով հաճախորդները կարող են առանց հաշիվ բացելու կատարել դրամական արագ փոխանցումներ թե՛ Հայաստանում, թե՛ հանրապետությունից դուրս:

 

Արամ Ազատյանի խոսքով՝ համավարակը նպաստեց նրան, որ ՀՀ-ում սկսեն գնահատել առցանց առևտրի կարևորությունը. «Շատ խանութներ, որոնք չունեին կայքեր, այժմ ստեղծել են դրանք: Եվ մենք նրանց առաջարկում ենք հետևյալ լուծումը. ծրագրավորողները կարող են իրենց կայքում հեշտությամբ տեղադրել Telcell-ով վճարման հնարավորությունը: Այն բաց է բոլորի համար՝ շատ ճկուն ենք նման հարցերում»:

 

Քրտնաջան աշխատելու ու առաջատար լինելու դժվարությունների մասին

 

Կազմակերպությունը քրտնաջան աշխատում է հաճախորդի վստահությունը պահպանելու համար. «2007-ին էլ, երբ նոր էինք տեղադրում տերմինալները, մարդկանց համար շատ դժվար էր հավատալ, որ կարելի է այդ «երկաթների» միջոցով վճարումներ կատարել, իսկ այսօր վճարումներ անելու այդ տարբերակը մեր առօրյայի ու կենցաղի անբաժան մասն է: Այսօր էլ նույն ուղին ենք անցնում մարդկանց թվայինին սովորեցնելու հարցում»:

 

Ըստ բրիտանական Similarweb հարթակի՝ 2020-ին Telcell Wallet-ը App Store-ից ու Play Store-ից ՀՀ-ում ամենաշատ ներբեռնված հավելվածների թոփ 10-ում է՝ զիջելով միայն համաշխարհային հսկաներին՝ Facebook, Instagram, Tiktok, WhatsApp և Viber: «Ֆինանսներ» կատեգորիայում էլ զբաղեցնում է առաջին հորիզոնականը։

 

Ինչպես ասում է ընկերության գլխավոր տնօրենը՝ թվայնացումը բխում է նաև պետության շահերից. գործարքներն ավելի թափանցիկ են դառնում, պետությունը կարող է շատ գումար չծախսել փող տպելու վրա: Խոսելով շուկայում նմանատիպ ծառայություններ մատուցող ընկերությունների մասին՝ Ազատյանը նախընտրում է օգտագործել «գործընկեր» բառը «մրցակցի» փոխարեն: Ասում է՝ «բոլորս իրար հետ մի գործ ենք անում»:

 

«Գիտեք՝ ավելի դժվար է պահպանել առաջատարի դիրքը, քան զբաղեցնել այն: Սպորտում էլ է այդպես, բիզնեսում էլ, գուցե՝ կյանքում էլ: Առաջատարի դիրքը պահելու համար անում ենք մի բան՝ մեր գործը, որը սիրում ենք: Եվ դա բերում է իր դիվիդենտները: Պետք է լինել ճկուն, ունենալ լավ թիմ, միտքը պարզ պահել, գործել շատ արագ՝ որոշում կայացնելուց մինչև իրագործումը: Սրանք են այն առավելությունները, որոնք մեզ հնարավորություն են տալիս պահպանել առաջատարի դիրքը և առաջ տանել մեր բրենդը», - ընդգծում է Ազատյանը, ով, ի դեպ, ընկերությունը ղեկավարում է արդեն 12 տարի:

 

Բոլոր նորությունները
//