060 272222
Դեկտեմբեր 29, 2022

Արցախի Մարտունու ուսումնարանն անվճար տաք ջուր և էլեկտրաէներգիա կունենա

 

Մարտունու Վ Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանն ամբողջությամբ կանցնի արևային էներգետիկայի՝ ապահովվելով մշտական տաք ջրով և էլեկտրաէներգիայով։

Խոշոր նվիրատվությամբ Shtigen Group-ի «Արևածագ Արցախում» նախագծին է միացել Telcell ընկերությունը. ամանորի կորպորատիվ նվերների փոխարեն Արցախի արևածագին հատկացված 7.4 միլիոն դրամը կուղղվի Մարտունու արհեստագործական ուսումնարանի լիակատար արևայնացմանը։

Telcell
ընկերությունը, շուկայում դիրքավորվելով որպես վճարահաշվարկային ազգային օպերատոր, կարևորում է համայնքային զարգացման ծրագրերին աջակցությունը։
Telcell
ընկերության գլխավոր տնօրեն Համբարձում Դանելյանն ասել է, որ իրենց գործընկերների հետ միասին որոշել են ներդրում ունենալ Արցախի երիտասարդների մասնագիտական զարգացման գործում։

«
Էներգետիկ անկախությունը ներկայում կարևորագույն առաջնահերթություններից է Արցախի համար։ «Արևածագ Արցախում» նախագիծը կենսական հարց է լուծում արևային վահանակների և ջրատաքացուցիչների շնորհիվ Մարտունու արհեստագործական ուսումնարանը կապահովվի էլեկտրաէներգիայով և տաք ջրով դա կնպաստի կրթօջախի բնականոն գործունեությանը»,-ասել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Համբարձում Դանելյանը:

Ուսումնարանում 2023-ի տարեսկզբին կտեղադրվի հիբրիդային ֆոտովոլտային կայան և 2 արևային ջրատաքացուցիչ, որոնց շնորհիվ կրթարանը կունենա մշտական անվճար տաք ջուր և էլեկտրաէներգիա։

«
Մեզ համար գնահատելի է, որ խոշոր ընկերությունները գիտակցում են ռազմավարական նշանակության այս ծրագրի կարևորությունը։ Telcell-ն այս իմաստով եղավ առաջամարտիկ՝ ցուցաբերելով կորպորատիվ ազգային պատասխանատվության օրինակելի վարքագիծ»,-ասել է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

«
Կրթությունն ազգի առաջընթացի, զարգացման առաջին նախապայմանն է, դրան նպաստելը՝ պարտավորություն ու պատասխանատվություն։ Shtigen Group-ի հետ համագործակցությունն այս նախագծի շրջանակում շարունակական բնույթ է կրելու զարգացման վեկտորները շատ են, և մենք պատրաստվում ենք ընդլայնել աջակցության հորիզոնները»,- նշել է Համբարձում Դանելյանը:

Ուսումնարանում սովորում է շուրջ 120 պատանի ոչ միայն Մարտունի քաղաքից, այլև մերձակա համայնքներից: 3-ամյա կրթությունը մասնագիտական 7 ուղղություններով է՝ «վարսավիրական արվեստ և զարդարային դիմահարդարում», «կարի արտադրության տեխնոլոգիա», «հարդարման և շինարարական աշխատանքների իրականացում», «հասարակական սնունդ», «տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», «գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» և «մեքենաների ու մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում»:

Արևային սարքերը տարեկան կխնայեն մոտ մեկ միլիոն դրամ, որով ուսումնարանը կհոգա իր` հատկապես պատերազմից հետո ավելացած կարիքները։


TelCell-
ը «Արևածագ Արցախում»-ին միացել էր դեռ ամիսներ առաջ՝ հնարավորություն ստեղծելով նախագծին նվիրատվություններ կատարել նաև Telcell տերմինալներով և Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով։
 
«Արևածագ Արցախում» նախագծի նպատակն է արևային էներգիայի օգտագործմամբ Արցախում հաստատել էներգետիկ անկախություն և անվտանգություն։

 

 

Բոլոր նորությունները
//