060 272222
Մայիս 22, 2023

Yerevan Tech Forum 2K23. թվային փոխակերպումը և դրա լուծումները հանրային կյանքում

 

Yerevan Tech Forum 2K23-ը մայիսի 19-ին և 20-ին Երևանում էր համախմբել գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու թվային փոխակերպման միտումները։ Ամենամյա ֆորումն այս տարի անցկացվում էր «Թվային փոխակերպում։ Առաջխաղացման ռազմավարություններ» խորագրով:

Միջոցառման գլխավոր գործընկերն էր Telcell վճարահաշվարկային ընկերությունը, 5G գործընկերը՝ Converse Bank-ը, 4G գործընկերը՝ Evoca Bank-ը։ Միջոցառման կազմակերպիչը Skill-Event Marketing Company-ն էր:

Banks.am-ը ներկայացնում է բացման արարողության և «Հանրային հատվածի թվային փոխակերպում. կառուցելով կայուն ապագա» խորագրով պանելային քննարկման առանցքային հատվածները։


Թվային լուծումները՝ հանրային կյանքում

Արտյոմ Ղազարյան, Telcell ընկերության կոմերցիոն տնօրեն

Մեր ընկերությունը շուրջ 16 տարի շուկայում է և դիրքավորվում է որպես ամենախոշոր վճարահաշվարկային ընկերություն։ Շատերի համար մենք ամենալայն տերմինալային ցանց և ամենակիրառական էլեկտրոնային դրամապանակ ունեցող ընկերությունն ենք: Այսօր մենք ներկայացնում ենք թվային մի հետաքրքիր էկոհամակարգ, որտեղ կան բազմաֆունկցիոնալ և բազմատեսակ պրոդուկտներ, ինչպես բիզնես ներկայացուցիչների համար, այնպես էլ անհատների, ֆինանսական կազմակերպությունների և պետական հատվածի համար: Վերջերս մեր թվային լուծումները մուտք գործեցին նաև հանրային ծառայությունների մատուցման տիրույթ, որը մեծ խթան կհանդիսանա ապագայում առավել հարմարավետ, առավել ճկուն ծառայություններ մատուցել հանրությանը:

Այնուամենայնիվ, թվային ցանկացած լուծումների և գործընթացների հիմքում մարդիկ են, և մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը, հեղինակավոր խոսնակների ներկայությունը նման միջոցառումներին, միմյանց հետ մտքերի փոխանակումը միշտ կարող է բերել հետաքրքիր և ժամանակակից գործիքների ստեղծմանը: Telcell-ը եղել է, կա և միշտ կլինի թվայնացման և տեխնոլոգիական զարգացման առաջնագծում: Դիրքավորվելով որպես ազգային դրամահաշվարկային ընկերություն՝ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս հարմարավետ և ժամանակակից դարձենք տարատեսակ ծառայություններից օգտվելու հնարավորությունը:

Իրինա Գասպարյան, Telcell ընկերության թվային տրանսֆորմացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ

Ես համարում եմ, որ Telcell-ը թվային փոխակերպման նախահայրերից է Հայաստանում։ Այսօր այն ներկայանում է նորովի և շարունակում է իր գործունեությունը փոխակերպման մեջ։

Ներկայում իրականացնում ենք անկանխիկ վճարման համակարգի ներդնումը մետրոյում և ավտոբուսներում։ Շատ շուտով բոլորս կկարողանանք բոլոր երթևեկել այդ եղանակով։ Երևանում համար 1 ավտոբուսով երթևեկողները արդեն կարող են օգտվել անկանխիկ վճարման հնարավորությունից, իսկ մինչև տարվա վերջ կունենանք այս համակարգի ամբողջական ներդրումը։

Ֆինտեխը և բանկը՝ իրար փոխլրացնող

Ահարոն Լևոնյան, Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և նորարարությունների հանձնաժողովի նախագահ

Բանկային համակարգում թվային փոխակերպման առաջնային պահանջը գալիս է հաճախորդից։ Փոխվել են նրանց կարիքները։ Մեր առօրյա են մտել էլեկտրոնային դրամապանակները, օնլայն բանկինգը ու հաճախորդի պահանջն է, որ ստիպում է բանկերին փոխվել։ Մրցակցային դաշտում մնալու և սպասարկելու համար բանկերը պարտավոր են փոխակերպվել։ Կոնվերս բանկը ներդրում է կատարում թվային փոխակերպման բնագավառում և, եթե այդ գործընթացը բաժանենք փուլերի, ապա առաջինն այդտեղ բիզնես մոդելի և ընդհանրապես մտածելակերպի փոփոխության փուլն է։

Ինչ վերաբերում է թվային տրանսֆորմացիայի գործընթացի հետևանքով բանկերում մարդկային գործոնի վերացման մտահոգություններին՝ ասեմ, որ մարդկանց փոխելը ավտոմատներով և ռոբոտներով միանգամից չի կարող լինել։ Տրանսֆորմացիայի արդյունքում փոխվելու է բանկերի սպասարկման ոճը, դրված խնդիրները, ինչը երբեք չի նշանակում, որ մարդու դերը վերանալու բանկում։ Բանկերն ավելի շատ վերածվելու են տեխնոլոգիական կենտրոնների, իսկ ֆինտեխը և բանկը ոչ թե իրար մրցակից են լինելու, այլ՝ փոխլրացնող, քանի որ բանկային ծառայությունները հնարավորություն են տալիս ֆինտեխ ընկերություններին օգտագործել բանկերի ենթակառուցվածքները՝ իրենց ծառայությունները հաճախորդին հասցնելու համար։ Իսկ այս պրոցեսի մեջ շարժիչ ուժը կրկին հաճախորդն է։

Գարեգին Գևորգյան, ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման վարչության տնօրեն

Մեր բանկային համակարգը բավականին ճկուն է, բազմաթիվ փորձություններով անցած և փաստացի ցույց է տվել, որ կարող է դիմակայել բազմաթիվ խնդիրների և հաջողությամբ հաղթահարել։

Ինչ վերաբերում է նոր տեխնոլոգիաներին՝ բնականաբար կազմակերպությունները շատ արագ որդեգրում են այդ տեխնոլոգիաները, որոնք ունեն հստակ նպատակ և որոշակի օգուտ են տալիս մարդկանց։

Yerevan Tech Forum-ը՝ երկխոսության հարթակ

Սերգեյ Ուսնունց, Skill Event Marketing Company հիմնադիր

Թվային տեխնոլոգիայի ոլորտը չի զարգանա առանց պետական կառույցների, մասնավոր սեկտորի և հասարակական կազմակերպությունների ներդաշնակ աշխատանքի։ Այս ֆորումը ևս չէր կայանա, եթե չլինեին պետական, մասնավոր հատվածների և հասարակական կազմակերպությունների ներդաշնակությունը։ Մեր այս հարթակը կդառնա երկխոսության հարթակ:

Այս տարի թվային փոխակերպման թեման ենք ընտրել, քանի որ կորոնավիրուսի համավարակից հետո անկախ մեզնից մտանք թվային փոփոխությունների մեջ, որին շատերս անպատրաստ էինք, ինչը ցավալի պրոցես է: Փոխակերպման գործընթացում և պետությունն է, և մասնավորը և հասարակությունը: Մենք չունենք բաղադրատոմս, որին հետևելով, կարողանանք կարգավորել խնդիրները։ Այս տարի որոշեցինք ֆորումի հարթակն օգտագործել այս երեք համայնքների երկխոսության համար։

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյան

Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի և տեխնոլոգիաների հիման վրա հասանելի, արդյունավետ, անվտանգ և հուսալի ծառայությունների ապահովումը, որն ուղղված կլինի Հայաստանի տնտեսության զարգացմանը և բնակչության կյանքի որակի բարձրացմանը։ Այս ուղղությամբ իրականացված աշխատանքներից ամենակարևորը համարում ենք Հայաստանի թվայնացման 21-25 թվականների ռազմավարության ընդունումը, որտեղ սահմանված են զարգացման հիմնական ուղղությունները, թվայնացման միասնական ստանդարտները և հիմնարար պայմանները, ինչը հնարավորություն կտա, որ տարբեր համակարգեր միասին արդյունավետ համակեցված լինեն և աշխատեն: Այս պահի դրությամբ որոշակի գործընթացներ արդեն իսկ թվայնացված են, բայց ապահովված չէ այդ փոխգործելիության սկզբունքը, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ են իրականացվում։

Նախարարությունն արդեն իսկ մշակել է հանրային թվային ծառայությունների 14 ստանդարտ և դրանց կիրառման ուղեցույցները։ Ստեղծվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամը, որը պետք է համակարգի երկրում տեղի ունեցող թվայնացման գործընթացը և որը շատ մեծ ուշադրություն է դարձնում իմ նշած փոխգործելիության սկզբունքի պահպանմանը։ Ընթացքի մեջ են նաև թվային նույնականացման համակարգերի բարեփոխումների գործընթացը և մշակման փուլում են գտնվում կիբերանվտանգության և տվյալների քաղաքականության ձևավորման հայեցակարգերը, որոնք պետք է լինեն այն հիմքը, որի վրա կառուցվելու է թվայնացման գործընթացը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան

Հայաստանի տնտեսությունը այս մեկ տարվա ընթացքում բավականին բուռն զարգացում է ապրել և անցած տարվա տվյալներով 12,6% աճ է արձանագրվել, որի արդյունքում մեր տնտեսությունը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը։ Տնտեսական աճի ապահովման գլխավոր մասնակիցներն են տեխնոլոգիական և ֆինանսական ոլորտները, որոնք աճել են 50%-ով:

Թվային փոխակերպումը արտադրողականության բարձրացման գլխավոր շարժիչներից մեկն է, որոնց միջոցով ընկերությունները էապես բարձրացնում են իրենց արտադրողականությունը: Այսօր մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀՀ ընկերությունների 91%-ը դեռ թվային առումով հասուն չեն, այսինքն՝ մարդկային գործոնը, ֆիզիկական աշխատանքը դեռ մեծ թափով օգտագործվում է այն տեղերում, որտեղ կարելի է թվայնացվել:

Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել թվային փոխակերպման օժանդակության եռափուլ ծրագիր, որը շուտով կքննարկվի և կհաստատվի, որով մենք ընկերություններին առաջարկելու ենք վերցնել խորհրդատվություն, որպեսզի իրենց ընկերության տեսանկյունից հասկական՝ ինչ է թվային տրանսֆորմացիան, երկրորդ փուլով՝ սուբսիդավորվող վարկ, երրորդով՝ հաջողության դեպքում որոշակի «հաջողության վճար կամ քեշբեք», որը թույլ կտա նվազեցնել իրենց կատարած ներդրումները թվային փոխակերպման մեջ:

Banks.am` Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

 

Բոլոր նորությունները
//